Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ժամանակակից բժշկական կենտրոն ՌԱՖԱՅԵԼ

Ժամանակակից բժշկական կենտրոն ՌԱՖԱՅԵԼ

Վերջերս մայրաքաղաքում բացվեց Մելիքյանների ընտանիքին պատկանող ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան «Ռաֆայել» բժշկական կենտրոնը: 

 

- Մեր ընտանիքի ծրագրերից մեկն էր նման կենտրոնի բացումը, ինչը կարողացանք իրականացնել միայն 10 տարի անց,- Կենտրոնի հիմնադրման և գործունեության ուղղությունների մասին է պատմում Կենտրոնի գիտական ղեկավար, Առողջապահության ազգային ինստիտուտի էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մելիքյանը:- Ներկայումս աշխատում ենք երեք ուղղություններով` էնդոսկոպիկ վիրաբուժությամբ` ընդհանուր և լապարասկոպիկ վիրահատությամբ հանդերձ, ակնաբուժությամբ և պլաստիկ վիրաբուժությամբ: Ախտորոշիչ բաժանմունքն ապահովված է ժամանակակից տոմոգրաֆիկ և սոնոգրաֆիկ «Սինես» ֆիրմայի սարքավորումներով, գործում է նաև լաբորատոր բաժանմունքը: Հետագայում, հուսով ենք, կգործեն նաև գինեկոլոգիայի, օրթոպեդիայի, տրավմատոլոգիայի, քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքները: Կլինիկան ապահովված է գերժամանակակից, 2009թ. արտադրության վերջին սերնդի սարքավորումներով: Ակնաբուժության բաժանմունքում մեր բժիշկներն այսօր արդեն բուժումն իրականացնում են«Ալկո»շվեյցարական և«Լեյկա»ֆիրմաների վիրաբուժական մանրադիտակներով: Կատարակտայի, ոսպնյակի վիրահատության համար ձեռք ենք բերել «Ինֆինտ» սարքը, իսկ պլաստիկ վիրահատության` լիպոսակցիայի կատարման համար` ՙԼիպոսմարտը՚, որը ևս վերջին սերնդի սարքավորում է: Դրա շնորհիվ հնարավորություն է ստեղծվում մեղմացնել գեր հիվանդների որոշ թերությունները, ուղղել մարմնի ուրվագծերը: Դա հատկապես կհետաքրքրի կանանց, ովքեր ցանկանում են էլ ավելի գեղեցիկ և հաճելի երևալ:

 

- Վերջերս աշխարհում կատարվող կոսմետիկ տարբեր վիրահատություններ չեն գոհացնում պացիենտներին, ընդհակառակը, երբեմն տվել են հակառակ արդյունք և նույնիսկ դատական գործեր են հարուցվել բժիշկների դեմ:

 

- Բժշկության մեջ ցանկացած միջամտություն կարող է առաջացնել բարդություններ: Սակայն այս գեր ժամանակակից սարքավորման միջոցով կատարված վիրահատությունների շնորհիվ բարդությունները հասցվում են նվազագույնի մոտ մի քանի հարյուր անգամ: Սարքն անգլիական է Մեծ Բրիտանիայից եմ ձեռք բերել, բավական թանկ արժե: Արդեն ունեցել ենք առաջին պացիենտներ և, բնականաբար, ապահովում ենք անձի գաղտնիությունը: 

 

-  Իսկ այդ սարքը վաղո՞ւց է կիրառվում աշխարհում: 

 

- Նախկին սերնդի սարքավորումներն արդեն 12-13 տարի

գոյություն ունեն: Բայց մեր ունեցածը վերջին սերնդի սարքավորում է 2009թ. արտադրության և դեռ Հայաստանում չկա:

 

- Բնական է, որ գերժամանակակից սարքավորումներով բուժումը պահանջում է նաև համապատասխան բարձրորակ կադրերով ապահովում: Դուք ապահովվա՞ծ եք նման կադրերով:

 

- Լինելով բժշկական աշխարհից, լավ ծանոթ եմ Հայաստանի որակյալ կադրերին: Ցավով պետք է նշեմ, որ մենք բարձրորակ կադրերի խիստ կարիքն ունենք: Չնայած դրան, այսօր կլինիկան համալրված է հանրապետության փորձված և որակյալ բժիշկներով: Ե°վ բժիշկների, և° պացիենտների համար ստեղծված են բոլոր պայմանները նորմալ աշխատելու համար: Ի տարբերություն մյուս կլինիկաների, մեզ մոտ չկան սովորական և լյուքս հիվանդասենյակներ, բոլորն էլ, ինչպես ժողովուրդն է ասում,«լյուքս համարներ են»և գտնում եմ, որ բոլորի համար պետք է լինեն նույն պայմանները: Ներկայումս ունենք երկտեղանոց 12 հիվանդասենյակ և այն առայժմ բավարար է, քանի որ հիվանդները վիրահատության հաջորդ օրը դուրս են գրվում: Մենք գործում ենք ըստ այն սկզբունքի, որ առաջինը` հիվանդին որքան հնարավոր է քիչ ցավ պատճառել, երկրորդ` հիվանդը պետք է շատ արագ վերադառնա ակտիվ աշխատանքի:

 

- Եթե վիրահատության հաջորդ օրը դուրս է գրվում, ուրեմն բացառո՞ւմ եք բարդությունները: 

 

- Բժիշկների կապը հիվանդների հետ, բնականաբար, չի կտրվում: Եթե հարկ է լինում հիվանդը կարող է տուն կանչել բժշկին, կամ ինքն այցելել հիվանդանոց, իհարկե, առանց լրացուցիչ ծախսերի:

 

- Դուք ասացիք, որ լավագույն կադրերի խնդիր կա: Արդյոք,չեք պատրաստվում երիտասարդ խոստումնալից բժիշկներին վերապատրաստման ուղարկել արտասահման:

 

- Քանի որ հիվանդանոցը նոր է, նման խնդիր միանգամից լուծել չենք կարող, սակայն կենտրոնն արդեն սկսել է համագործակցել արտասահմանյան մի շարք կլինիկաների հետ և ինձ թվում է տրամաբանական ավարտը կլինի բժիշկների վերապատրաստումն ու փոխայցերը: Նախատեսել ենք տարվա ընթացքում արտասահմանյան տարբեր պրոֆիլի 4-5 առաջատար մասնագետների հրավիրել վիրահատություններ կատարելու, որով և հնարավորություն կընձեռվի տեղում փորձի փոխանակում իրականացնել: 

 

Մեր կլինիկայում իրականացվում է նաև ուսումնական և գիտական պրոցես: Մեզ մոտ իրենց վերապատրաստումը կանցկացնեն  բժշկական բուհերն շրջանավարտները, կլինօրդինատորները, ինչպես նաև բժիշկները: Հիվանդանոցն ունի նաև շքեղ նիստերի դահլիճ և լսարան, որը հագեցված է գերժամանակակից աուդիո սարքավորումներով, այնպես որ կարող ենք ուսուցման գործընթացն անցկացնել բարձր մակարդակով:

 

- Կենտրոնը կրում է Ձեր հայրիկի անունը

 

- Ես բժիշկների ընտանիքից եմ և իմ առաջին ուսուցիչը եղել է հայրս, աշխատելով նրա ղեկավարած կլինիկայում, վիրաբուժությունը սովորել եմ նրանից: Դա է պատճառը, որ կլինիկան կոչել ենք նրա անունով: Միաժամանակ, պետք է ասեմ, որ բժշկելու աստծո հրեշտակներից մեկի անուն էլ է Ռաֆայել և նաև տղայիս անունն է: 

 

- Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը բացման օրը հայտարարեց, որ Կենտրոնին նախարարության կողմից կիջեցվի նաև պետպատվեր, որը հնարավորություն կտա սոցիալապես անապահով խավին ևս օգտվել այս բարձրակարգ կառույցի ծառայություններից:

 

- Սովորաբար, բոլոր բժիշկներն էլ պատրաստ են սոցիալապես անապահով խավին անվճար բուժօգնություն ցույց տալ, բայց հիվանդի վրա մեծ ծախսեր են կատարվում, ով պետք է այն հոգա, բնականաբար, պետությունը: Այդ գումարը հատկացվում է առողջապահության նախարարության բյուջեից: Ի դեպ պետք է ասեմ, որ այդ գումարը տարեց-տարի ավելանում է: Եթե նախկինում մեկ վիրահատության համար պետությունը հատկացնում էր մոտ 35-40 հազար դրամ, այժմ` 100 հազար դրամ է, որն, իհարկե, ցավոք, կրկին բավարար չէ: 

 

- Շատ են խոսակցությունները, որ, չնայած, պետպատվերին,հիվանդը կատարում է նաև տարբեր վճարումներ…

 

- Դրա համար անհրաժեշտ է կիրառել համավճարի գաղափարը: Սակայն ես հավատացած եմ, որ երկրի զարգացմանը զուգընթաց, 4-5 տարի անց այդ գումարը կհասնի այն իրական թվին, որն անհրաժեշտ է բուժման այդ ծառայության համար: Ես գտնում եմ, որ պետպատվերի համակարգը պետք է ուղղված լինի ոչ թե ըստ հիվանդությունների, այլ ուղղված լինի միայն սոցիալապես անապահով խավի բուժմանը: Ինչ է նշանակում, որ հարուստն ունի մի հիվանդություն, ինչ սոցալապես անապահովը և երկուսն էլ չվճարեն: Իսկ ինչու հարուստը չպետք է վճարի: Այժմ մեր նախարարությունում արդեն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Բնականաբար, դա հնարավոր չէ մի անգամից անել, բայց, իմ խորին համոզմամբ, մի քանի տարվա ընթացքում ամեն ինչ կգա իր տեղը: Հարուստը մուծում է աղքատի համար, առողջը` հիվանդի համար:

 

- Արդեն քանի տարի է խոսվում է բժշկական ապահովագրության մասին, սակայն սայլը տեղից չի շարժվում

 

- Բժշկական ապահովագրության ծրագիրը ներառված է և′ կառավարության, և′ առողջապահության նախարարության ծրագրում: Հուսանք, որ սայլը տեղի կշարժվի:

 

- Իսկ որպես պատգամավոր ինչպիսի՞ օրենսդրական առաջարկություններով եք հանդես եկել:

 

- Ես այսօր Ազգային ժողովի գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի տեղսակալ եմ: Բնապահպանությունն առողջապահության մի ճյուղն է, որտեղ շատ խնդիրներ առնչվում են մարդու առողջության պահպանման հետ: Ներկայումս հանձնաժողովում աշխատում ենք նախկին օրենքների լրամշակումների, փոփոխությունների վրա, որպեսզի դրանք համահունչ լինեն այսօրվա պահանջներին` կապված մեր առողջության վրա անմիջապես ազդող բնապահպանական խնդիրների հետ:

 

- Ձեր տեխնիկապես հագեցվաշ կլինիկայով բավական բարձր նշաձող եք սահմանել…

 

- Այո, և կցանկանայի, որ այսուհետ Հայաստանում կառուցվող  հիվանդանոցները, կլինիկաները միշտ գերազանցեն այդ նշաձողը ի շահ մեր ժողովրդի առողջության պահպանման: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 5 (543) 12.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ